ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՄԱՏՈՒՑՄԱՆ ԸՆԴՀԱՆՈՒՐ ՊԱՅՄԱՆՆԵՐ
Թարմացվել է՝ 06.03.2026թ․
«Սովորիր Այթի» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունը իր սահմանած ծրագրերով կազմակերպում և/կամ իրականացնում է առցանց (օնլայն), առկա (օֆլայն), անհատական և/կամ խմբակային կրթական դասընթացներ, ուսուցում, ծրագրեր, միջոցառումներ, վեբինարներ, մասնագիտական քննարկումներ, վարպետության դասեր, վերապատրաստումներ և կրթական ոլորտի այլ ծառայություններ՝ մասնագետների, փորձագետների, իրավաբանական և/կամ ֆիզիկական այլ անձանց հետ համագործակցությամբ (այսուհետ՝ «Ծառայություններ»):
Ծառայությունների մատուցման սույն պայմանները (այսուհետ նաև՝ «Ընդհանուր պայմաններ» կամ «Պայմաններ») կարգավորում են ընկերության և Ծառայություն(ներ)ը ձեռք բերած անձանց միջև հարաբերությունները՝ Ծառայությունների մատուցումը կազմակերպելու և իրականացնելու առնչությամբ։
1․ ՍԱՀՄԱՆՈՒՄՆԵՐ ԵՎ ՄԵԿՆԱԲԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Ընկերություն (այսուհետ նաև՝ «Կատարող»)՝ «Սովորիր Այթի» ՍՊԸ, ՀՎՀՀ՝ 08253409, պետական գրանցման համար՝ 271.110.1312115, գրանցման ամսաթիվ՝ 18.04.2023թ․, գտնվելու վայրի հասցե՝ ՀՀ, ք․ Երևան, Մարշալ Բաղրամյան 3-րդ նրբանցք, 10Ա։
Պատվիրատու՝ ցանկացած ֆիզիկական կամ իրավաբանական անձ, անհատ ձեռնարկատեր, որի հետ կնքվել է Պայմանագիր․ ընդ որում՝
1․ Պատվիրատու կարող է լինել թե՛ Ունկնդիրը, թե՛ ցանկացած այլ անձ, որը Պայմանագիր է կնքում՝ հօգուտ Ունկնդրի,
2․ «Պատվիրատու» հասկացության օգտագործումը ներառում է նաև այն դեպքերը, երբ Ունկնդիրը և Պատվիրատուն համընկնում են։
3․ Երբ Պայմանների համատեքստից բխում է, որ խոսքը վերաբերում է Ծառայությունների սպառմանը կամ օգտագործմանը, կիրառվող «Պատվիրատու» եզրույթը պետք է մեկնաբանվի որպես Ունկնդիր։
Ունկնդիր՝ ցանկացած ֆիզիկական անձ, որը Պայմանագրի հիման վրա օգտվում է Ծառայություններից։
Հայտ՝ Կատարողի կողմից sovorir-it.am կայքէջով ուղարկվող անհատական հայտ-պատվեր, որի հիման վրա Պատվիրատուն լրացնում է իր անձնական տվյալները, ընտրում նախընտրելի Ծառայության տեսակը՝ նախընտրելի ձևաչափով, կատարում Ծառայության արժեքի վճարումը և արդյունքում միանում սույն Պայմաններին։
Պայմանագիր՝ Հայտի և սույն «Ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ»-ի ամբողջությունը, որով կարգավորվում են Ծառայությունների մատուցման առնչությամբ Պատվիրատուի և Կատարողի հարաբերությունները։
Կայք` «Սովորիր Այթի» ՍՊԸ (Sovorir․IT) կողմից առաջարկվող Ծառայությունները ներկայացնող համացանցային կայք, որը գրանցված է sovorir․it դոմենային հասցեով․ կայքը կարող է ունենալ ենթադոմեններ, կամ այլ անուն կրող դոմեններից վերահասցեավորումներ, օրինակ՝ https://sovorir․it/shop/:
Դասընթացի հարթակ կամ Հարթակ՝ առցանց միջավայր, որը ներառում է Ծառայությունների մատուցման նպատակով ստեղծված Telegram-յան հատուկ փակ ալիք (channel / խումբ), ինչպես նաև Telegram-յան բոտ, որտեղ Պատվիրատուն օգտվում է Ընկերության կողմից ցանկացած ձևաչափով տրամադրված դասընթացի ծրագրային նյութերից։
Մտավոր սեփականություն (ՄՍ)՝ ցանկացած մտավոր սեփականության օբյեկտ՝ գրանցված կամ չգրանցված, որը պատկանում է Ընկերությանը, կամ որի նկատմամբ Ընկերությունն ունի գույքային և/կամ ոչ գույքային իրավունքներ ներառյալ՝ բոլոր հեղինակային իրավունքները, արտոնագրերը, արտոնագրային իրավունքները, ապրանքային նշանները, ֆիրմային անվանումները, չբացահայտված տեղեկատվությունը, արդյունաբերական դիզայնը:
2․ ՊԱՅՄԱՆԱԳԻՐ
2․1․ Պայմանագիրն ուժի մեջ է մտնում պատշաճ լրացված Հայտը Կատարողին ուղարկելով սույն Պայմաններին համաձայնություն տալու և ընտրված Ծառայությունների արժեքի վճարումը կատարելու օրվանից։
2․2․ Պայմանագիրը կնքված է համարվում Հայտում լրացված և սույն Պայմաններում ներառված պայմաններով։
3․ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒՄ
3․1 Ծառայության տեսակով պայմանավորված՝ այն մատուցվում է հետևյալ կերպ․
ա) նախապես տեսաձայնագրված տեսանյութեր և/կամ այլ նյութեր տրամադրելու ձևաչափով՝ դրանք տեղադրելով Հարթակում,
բ) առկա (օֆլայն) հանդիպումներ կազմակերպելու միջոցով:
3․2․ Ծառայությունները համարվում են պատշաճ մատուցված․
ա) Սույն Պայմանների 3․1 կետի ա) ենթակետի դեպքում՝ Կատարողի կողմից համապատասխան դասընթացի վերջին դասի նյութերը Հարթակում պատշաճ տեղադրվելու օրվանը հաջորդող օրվանից` անկախ Պատվիրատուի կողմից տեսաձայնագրությունները փաստացի դիտելու և/կամ նյութերին ծանոթանալու հանգամանքից։
բ) Սույն Պայմանների 3․1 կետի բ) ենթակետի դեպքում՝ Կատարողի կողմից կազմակերպված՝ համապատասխան դասընթացի վերջին առկա (օֆլայն) հանդիպումը տեղի ունենալու հաջորդ օրվանից՝ անկախ Պատվիրատուի կողմից հանդիպմանը փաստացի ներկա գտնվելու հանգամանքից (բացառությամբ, եթե հանդիպումը տեղի չի ունեցել Կատարողի պատճառով)։
3․3․ Դասընթացները կարող են կազմակերպվել առցանց վեբինարների, առցանց (օնլայն) հանդիպումների, ֆիզիկական ներկայությամբ (օֆլայն) հանդիպումների իրականացման, ինչպես նաև նյութերի, ձայնագրությունների, թեստային և գործնական աշխատանքների տրամադրման ձևաչափով: Յուրաքանչյուր դասընթացը և դասընթացի անցկացման ձևը ընտրում է Պատվիրատուն` Հայտը լրացնելու միջոցով։
3․4․ Դասընթացին, վեբինարին կամ այլ կրթական միջոցառումների մասնակիցների քանակը սահմանափակված չէ:
3․5․ Դասընթացների ծրագրով սահմանված դեպքերում դասընթացի ավարտին Պատվիրատուն հանձնում է քննություն: Քննությունները կազմակերպվում են դասընթացի վերջին դասից հետո՝ առավելագույնը 90 /իննսուն/ օրացուցային օրվա ընթացքում, իսկ որոշ դեպքերում՝ յուրաքանչյուր ամսվա վերջին տասնօրյակի որևէ օր, որը նախապես սահմանվում և հայտարարվում է Կատարողի կողմից: Քննությունը կազմակերպվում է առցանց տարբերակով։ Քննության արդյունքները ամփոփվում են քննության հանձնման պահից առավելագույնը 40 /քառասուն/ օրացուցային օրվա ընթացքում:
3․6․ Քննության արդյունքների հիման վրա՝ դրանց ամփոփումից հետո առավելագույնը 50 /հիսուն/ օրացուցային օրվա ընթացքում, Պատվիրատուին տրամադրվում է հավաստագիր: Հավաստագիրը տրամադրվում է թվային, իսկ որոշ դեպքերում նաև՝ թղթային տարբերակով։ Թվային տարբերակը ուղարկվում է Պատվիրատուի նշված էլեկտրոնային հասցեին։
3․7․ Դասընթացների ծրագրում ընդգրկված և ուսուցման առարկա հանդիսացող որոշակի գործիքներ կարող են ժամանակի ընթացքում կիրառելիությունից դուրս գալ, ինչը չի կարող մեկնաբանվել որպես Ծառայությունների թերի մատուցում։
3․8․ Դասընթացների ծրագրում նախապես սահմանված որոշ բաղադրիչներ կարող են տրամադրվել խառը հերթականությամբ՝ ապահովելով դասընթացի տրամաբանական կապը:
3․9․ Դասընթացների ծրագրում սահմանված բաղադրիչները կարող են տրամադրվել ինչպես տեսաձայնագրությունների, այնպես էլ տեսասահիկների /պրեզենտացիաների/, գործնական աշխատանքների, նյութերի, ուղեցույցների, ձևանմուշների տեսքով, օֆֆլայն հանդիպումների ընթացքում, կրիչների միջոցով և/կամ այլ ձևաչափով:
3․10․ Դասընթացի արդյունքում Պատվիրատուի կողմից ներդրած ոչ համապատասխան ջանքերի, ներուժի, պատասխանատվության, կենտրոնացման, ժամանակի, ինչպես նաև մտավոր ու մասնագիտական ունակությունների և հմտությունների պատճառով հնարավոր է չըմբռնել կամ մասամբ ըմբռնել մատուցվող տեսաձայնագրությունների և այլ նյութերի բովանդակությունը։: Նշյալ հանգամանքը չի կարող մեկնաբանվել որպես Ծառայությունների թերի մատուցում:
3․11․ Ծառայությունները կարող են մատուցվել նաև երրորդ անձանց ներգրավման միջոցով։
4․ ԿՈՂՄԵՐԻ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ԵՎ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
4․1․ Պատվիրատուն իրավունք ունի`
օգտվել Կատարողի գրադարանից, տեղեկատվական պահոցներից և առկա այլ ծառայություններից,
Կատարողի գրադարանի թվայնացված նյութերն օգտագործել միայն ուսուցման նպատակներով,
պահանջել իրականացնել Կատարողի ստանձնած պայմանագրային պարտավորությունները,
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված և սույն Պայմանների դրույթներին չհակասող այլ իրավունքներ:
4․2․ Պատվիրատուն պարտավոր է`
պատշաճ կարգով կատարել Ծառայությունների արժեքի վճարումը,
չհրապարակել սույն Պայմանների 8-րդ բաժնի գաղտնի տեղեկատվություն համարվող տեղեկությունները և հետևել դրանցից օգտվելու կարգին:
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված և սույն պայմանագրի դրույթներին չհակասող այլ պարտավորություններ:
4․3․ Կատարողն իրավունք ունի`
Պատվիրատուի կողմից Ծառայությունների արժեքի վճարումը սահմանված կարգով և ժամկետներում չիրականացնելու դեպքում՝ կիրառել տուժանքներ կամ հեռացնել դասընթացից,
Դասընթացի մասնակցության կանոններին չհետևելու, դասընթացի կազմակերպման համար օգտագործվող բոլոր հարթակներում պատշաճ վարքագիծ, ինչպես նաև հարթակի մյուս ունկնդիրների հանդեպ հարգալից վերաբերմունք չդրսևորելու դեպքում հեռացնել Պատվիրատուին Դասընթացի ընդհանուր հարթակներից /խմբերից/։
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված և սույն պայմանագրի դրույթներին չհակասող այլ իրավունքներ:
4․4․ Կատարողը պարտավոր է`
Պատվիրատուին ծանոթացնել դասընթացների կրթական ծրագրի անցկացման, կանոններին,
տեսական ու գործնական արդյունավետ ուսուցման համար ապահովել անհրաժեշտ պայմաններ` պահպանելով մշակված և հաստատված չափորոշիչները, նորարարական մոտեցումները,
ապահովել տեղեկատվական պահոցներից, նյութերից և առկա այլ ծառայություններից Պատվիրատուի օգտվելու հնարավորությունը,
կազմակերպել Պատվիրատուի ուսուցումը և/կամ վերապատրաստումը՝ Կատարողի սահմանած ուսումնական պլաններին և ծրագրերին համապատասխան,
Դասընթացով նախատեսված ծրագրերի ամբողջական ավարտից հետո՝ քննության արդյունքների հիման վրա, Պատվիրատուին տրամադրել համապատասխան որակավորումը հավաստող հավաստագիր (Համապատասխան դասընթացի ծրագրով քննություն նախատեսված լինելու դեպքում),
պատշաճ կերպով կազմակերպել դասընթացը և մատուցել դասընթացի նյութը,
ՀՀ օրենսդրությամբ նախատեսված և սույն պայմանագրի դրույթներին չհակասող այլ պարտավորություններ:
5․ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ԱՐԺԵՔԻ ՎՃԱՐՈՒՄ ԵՎ ԳՈՒՄԱՐԻ ՎԵՐԱԴԱՐՁ
5․1․ Յուրաքանչյուր Ծառայության արժեքը ամրագրվում է Պայմանագրով, որը ենթակա է վճարման միանվագ՝ ամբողջությամբ կամ տարաժամկետ վճարման տարբերակով։:
5․2․ Ծառայությունների համար սահմանված արժեքը Ծառայությունների/ մատուցման ողջ ընթացքում փոփոխման ենթակա չէ:
5․3․ Վճարումը ենթակա է կատարման անկանխիկ եղանակով՝ նշելով բանկային քարտի, որոշ դեպքերում, բանկային հաշվեհամարի կամ առցանց դրամապանակի ճիշտ տվյալները: Բանկային հաշվեհամարին փոխանցման դեպքում Պատվիրատուի հարցմանն ի պատասխան Կատարողը պարտավորվում է հաստատել վճարման ստացումը, եթե այն ստացվել է։
5․4․ Ըստ անհրաժեշտության, կարող են սահմանվել վճարման այլ մեխանիզմներ: Օրինակ՝ «Telcell», «FastShift», «EasyPay», «IDram», «UPay» տերմինալների, նույնանուն հեռախոսային հավելվածների, բանկային տերմինալների, բանկային կամ միջազգային փոխանցումների միջոցով:
5․5․ Վճարումն իրականացնելու ընթացքում հրահանգներին չհետևելու և/կամ ոչ ճիշտ տեղեկատվություն լրացնելու արդյունքում ծագած խնդիրների դեպքում, Կատարողը պատասխանատվություն չի կրում:
5․6․ Բանկային քարտի, հաշվի և/կամ այլ էլեկտրոնային գործարքներ իրականացնող համակարգի հետ կապված խնդիրներ, անճշտություններ առաջանալու դեպքերում Կատարողը պատասխանատվություն չի կրում։ Նշված դեպքում անհրաժեշտ է կապ հաստատել տվյալ բանկի կամ այլ էլեկտրոնային գործարքների ծառայություններ մատուցող ընկերության հետ և կարգավորել խնդիրը։
5․7․ Ծառայությունների համար սահմանված արժեքը պետք է ստացվի ամբողջությամբ կամ, տարաժամկետ վճարելու դեպքում, ըստ սահմանված փուլերի ժամանակացույցի: Եթե սպասարկող բանկը կամ վճարահաշվարկային կազմակերպությունը վճարման համար գանձում է որևէ միջնորդավճար, դրա վճարման պարտավորությունը կրում է վճարող կողմը:
5․8․ Վճարումը համարվում է կատարված՝ Կատարողի բանկային հաշվին գումարի փաստացի մուտքագրման (վերջնահաշվարկի)պահից:
5․9․ Եթե առկա են Ծառայությունների արժեքի փուլային վճարումների ժամկետներ, ապա դրանք պետք է կատարվեն սահմանված կարգով և ժամկետներում։ Սահմանված ժամկետները 48 /քառասունութ/ ժամ և ավելի խախտելու դեպքում , Կատարողն իրավասու է արգելափակել Պատվիրատուի մասնակցությունը տվյալ դասընթացին և վերականգնել այն միայն համապատասխան վճարումը կատարելուց հետո՝ 48 /քառասունութ/ ժամվա ընթացքում: Իրական ժամանակում մատուցված դասընթացները Պատվիրատուի կողմից բաց թողնելու դեպքում այդպիսինները Կատարողի կողմից չեն լրացվում։
5․10․ Պատվիրատուն կարող է իր կողմից ձեռք բերված Ծառայությունը (Ծառայության արդյունքը) փոխանցել երրորդ անձի՝ Կատարողին և երրորդ անձին ծանուցելու միջոցով։ Ընդ որում, Ծառայությունը ձեռք բերող երրորդ անձը Ծառայություններին հասանելիություն ստանալու համար պարտավորվում է Հայտ ներկայացնելով Կատարողի հետ կնքել Պայմանագիր։
5․11․ Պատվիրատուին տրվում է նաև Ծառայության մատուցումը ժամանակավոր սառեցնելու և Կողմերի համաձայնությամբ հաստատված ժամանակացույցում և պայմաններով վերսկսելու հնարավորություն։
5․12․ Եթե ի հայտ են գալիս Պատվիրատուի կողմից վճարված որևէ գումարի վերադարձման՝ ՀՀ օրենսդրությամբ սահմանված հիմքեր, Կատարողն իրականացնում է գումարի վերադարձ՝ հաշվարկելով և համապատասխանաբար հանելով իր կողմից փաստացի մատուցված Ծառայությունների արժեքը և չմատուցված Ծառայությունների համար արդեն իսկ կատարված և անխուսափելիորեն կատարվելիք բոլոր տեսակի ծախսերը։ Գումարի վերադարձն իրականացվում է բանկային փոխանցման միջոցով՝ 30 /երեսուն/ աշխատանքային օրերի ընթացքում՝ Պատվիրատուի կողմից տրամադրված բանկային հաշվեհամարին։ Անչափահաս ունկնդիրների դեպքում գումարի վերադարձը կատարվում է վերջինիս ծնողներից որևէ մեկի կամ այլ օրինական ներկայացուցչի կողմից տրամադրված հաշվեհամարին։
5․13․ Պատվիրատուի կողմից Պայմանագիրը կարող է լուծվել՝ Կատարողին վճարելով գնի այն մասը, որը համարժեք է մինչև Պայմանագրի լուծման մասին ծանուցում ստանալը մատուցված Ծառայության գնին, եթե մինչև այդ պահը դեռևս չի վճարվել: Պատվիրատուն պարտավոր է Կատարողին հատուցել նաև Պայմանագրի լուծման հետևանքով պատճառված վնասները` նշված պայմանագրի լուծման մասին ծանուցում ստանալուց առաջ կատարված աշխատանքի (մատուցված ծառայության) համար վճարված գնի և կատարվող ամբողջ աշխատանքի (մատուցվող ծառայության) գնի միջև եղած տարբերության սահմաններում:
5․14․ Պայմանագրի վաղաժամկետ լուծման դեպքում վաղաժամկետ դադարեցում նախաձեռնող կողմը պարտավորվում է դադարեցման նախատեսվող ժամկետից 2 (երկու) աշխատանքային օր առաջ մյուս կողմին այդ մասին գրավոր ծանուցել: Պայմանագիրը լուծված և միմյանց միջև իրավահարաբերությունները դադարեցված են համարվում Պայմանագիրը դադարեցնելու վերաբերյալ ծանուցումը ստացող կողմի էլ․ փոստի հասցեին փաստացի մուտքագրվելու պահից։
6․ ՄՏԱՎՈՐ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ
6․1․ Կայքում (Ընկերության ցանկացած այլ հարթակներում) առկա, ինչպես նաև այլ ձևաչափերով փոխանցվող բոլոր նյութերը (բացառությամբ՝ մեկնաբանությունների), տեքստերը, ծրագրերը, գրաֆիկական կամ ոչ գրաֆիկական նկարները, ձայնագրությունները, տեսաձայնագրությունները, երաժշտությունը, տեսահոլովակները, ինտերակտիվ հնարավորությունները և այլ նյութերը, ինչպես նաև դրանցում առկա ապրանքային նշանները, հանդիսանում են Կատարողի, իսկ որոշ դեպքերում նաև` վերջինիս գործընկերների սեփականությունը, և ենթակա են պաշտպանության որպես մտավոր սեփականության իրավունքի օբյեկտներ՝ ՀՀ օրենսդրության համաձայն:
6․2․ Նյութերը տրամադրվում են միայն անձնական օգտագործման նպատակով և չեն կարող օգտագործվել, պատճենահանվել, վերարտադրվել, բաշխվել, փոխանցվել, հեռարձակվել, ցուցադրվել, արտոնագրվել, ձևափոխվել կամ որևէ այլ կերպ շահագործվել` առանց Ընկերության նախնական գրավոր համաձայնության:
6․3․ Պատվիրատուի կողմից Ընկերությանը պատկանող մտավոր սեփականության միջոցները առանց վերջինիս համաձայնության օգտագործելու դեպքում Պատվիրատուն պարտավորվում է ամբողջությամբ հատուցել պատճառված վնասները։
6․4․ Պատվիրատուն պարտավորվում է ապահովել սույն բաժնի դրույթների պահպանումը Ունկնդրի կողմից, և պատասխանատվություն է կրում Ունկնդրի կողմից դրանք խախտելու դեպքում։
7․ ԱՆՁՆԱԿԱՆ ՏՎՅԱԼՆԵՐ
7․1․ Պատվիրատուի և/կամ Ունկնդրի անձնական տվյալների մշակումը՝ «Անձնական տվյալների պաշտպանության մասին» ՀՀ օրենքով սահմանված կարգով, իրականացվում է Պայմանագրի կնքման և կատարման, ինչպես նաև Պայմանագրի պայմաններից բխող այլ գործողությունների իրականացման նպատակով:
7․2․ Պատվիրատուն և/կամ Ունկնդիրը Կատարողին տրամադրում է իր անձնական տվյալները՝ լրացնելով իրեն ուղարկված անհատական Հայտը և համաձայնություն տալով սույն «Ծառայությունների մատուցման ընդհանուր պայմաններ»-ին։
7․3․ Կատարողի կողմից կարող են հավաքագրվել և պահպանվել Պատվիրատուի կողմից լրացված այնպիսի անձնական տվյալներ, ինչպիսիք են՝ անուն, ազգանուն, հայրանուն, անձնագրային տվյալներ, ՀԾՀ, հեռախոսահամար, էլեկտրոնային փոստի հասցե։
7․4․ Սույն Պայմաններին համաձայնություն տալով՝ հավաստվում է, որ Պատվիրատուն և/կամ Ունկնդիրը ծանուցվել է իր անձնական տվյալների մշակման մտադրության վերաբերյալ, չի առարկում և տալիս է իր համաձայնությունը՝ մշակելու իր անձնական տվյալները սույն Պայմաններով սահմանված կարգով։
7․5․ Պատվիրատուն նաև հավաստում է, որ իր կողմից տրամադրված և հետագայում տրամադրվելիք տեղեկատվությունն ամբողջական է, արժանահավատ և ճշգրիտ և պատասխանատվություն է կրում տրամադրած տեղեկատվության ճշգրտության և ամբողջականության համար:
7․6․ Պատվիրատուի և/կամ Ունկնդրի վերաբերյալ անձնական տվյալները Կատարողի կողմից կարող են մշակվել Պայմանագրի կնքման և կատարման նպատակով, ինչպես նաև Ծառայությունների մատուցումն ավարտելուց հետո (այնքանով, որքանով ողջամտորեն անհրաժեշտ է)՝ բացառապես Ընկերության գործունեությանն առնչվող նորություններին, առաջարկների մասին տեղեկացնելու (այդ թվում՝ գովազդելու), աշխատանքային հայտարարությունների վերաբերյալ ծանուցելու նպատակով։
7․7․ Սույն Ընդհանուր պայմանների ընդունումն ինքնին համարվում է Պատվիրատուի կողմից տրամադրված անձնական տվյալների մշակման համաձայնություն։
8․ ԳԱՂՏՆԻՈՒԹՅՈՒՆ
8․1․ Սույն Պայմանների իմաստով` գաղտնի տեղեկատվության է համարվում Կատարողի (նրա ցանկացած ներկայացուցչի, փորձագետի, ղեկավար, վերահսկող մարմնի անդամի) կողմից Պատվիրատուին ցանկացած ձևով և տեսքով՝ բանավոր, գրավոր, փաստաթղթային և մագնիսական, լազերային, ցանկացած այլ տիպի էլեկտրոնային կրիչների և էլեկտրոնային կապի միջոցով փոխանցվող, Պայմանագրի գործողության ժամանակահատվածում դրա շրջանակում Պատվիրատուին հայտնի դարձած ցանկացած տեղեկատվություն, այդ թվում, բայց չսահմանափակվելով․
Կատարողի առևտրային գործունեությանը և տեխնոլոգիական գործընթացներին, ինչպես նաև Կատարողի հետ գործնական հարաբերությունների մեջ գտնվող անձանց վերաբերող տեղեկատվությունը, որը նրանց համար կարող է կոնֆիդենցիալ համարվել,
Կատարողի կողմից կիրառվող մեթոդների, ընթացակարգերի, սարքավորումների հետ կապված բանավոր կամ գրավոր կերպով տրամադրված բոլոր գծագրերը, բանաձևերը, առանձնահատկությունները, գրքերը կամ արխիվային տեղեկատվությունը, նամակագրությունը, տեղեկատվական գրքերը, ձեռնարկները, ամենօրյա հաշվետվությունները, փաստաթղթերը կամ արձանագրությունները, առևտրային գաղտնիքները, դասընթացների ընթացակարգերի վերաբերյալ ցուցումները,
ցանկացած տվյալներ, որոնք հասանելի են դառնում Պատվիրատուին իրեն որոշակի ցանցային կամ ծրագրային արտոնություններ/թույլտվություններ շնորհվելու արդյունքում, այդ թվում` Կատարողի կողմից շահագործվող որևէ համակարգչային ծրագրի, տվյալների բազաներում, հարթակներում պահվող բոլոր տվյալները,
Այլ ունկնդիրների և Կատարողի գործընկերների ինքնությունը և նրանց վերաբերյալ այլ տվյալները, նրանց հետ նամակագրության և այլ հաղորդակցությունների բովանդակությունը․
Որևէ ստեղծագործություն, որը ստեղծվել է Ծառայությունների մատուցման ընթացքում կամ տեղեկություն, որը իր էությամբ կարող է հանդիսանալ գյուտի, օգտակար մոդելի կամ արդյունաբերական նմուշի գրանցման առարկա:
8․2․ Գաղտնի տեղեկություն է հանդիսանում նաև Պատվիրատուի և Կատարողի միջև պայմանագրային հարաբերություններին առնչվող ցանկացած պայման (բացառությամբ սույն Պայմանների), ինչպես նաև դասընթացին, վեբինարին կամ Կատարողի կողմից կազմակերպված ցանկացած այլ կրթական ոլորտի միջոցառման մասնակիցների քանակի վերաբերյալ տեղեկատվությունը, որոնք Պատվիրատուն պարտավորվում է որևէ կերպ չհրապարակել/չփոխանցել երրորդ անձանց։
8․3․ Կատարողի կողմից տրամադրված նյութերը կարող են օգտագործվել միայն վերջինիս կողմից գրավոր թույլտվություն տալու դեպքում: Չի թույլատրվում որևէ կերպ տարածել, փոխանցել, հրապարակել, նկարել, նկարահանել, ձայնագրել և/կամ որևէ կերպ պատճենել տրամադրվածնյութերը, օգտագործել դրանք անձնական օգտագործման հետ չկապված նպատակներով, քանի որ Ծառայությունների առնչությամբ տրամադրվող նյութերը հանդիսանում են չբացահայտված տեղեկատվություն՝ մտավոր սեփականության օբյեկտ:
8․4․ Պատվիրատուի կողմից սույն բաժնով սահմանված պարտավորությունների խախտման դեպքում Պատվիրատուն պարտավոր կլինի հատուցել դրա արդյունքում Կատարողի բոլոր կրած վնասները։
8․5․ Պատվիրատուն պարտավորվում է ապահովել սույն բաժնի դրույթների պահպանումը Ունկնդրի կողմից, և պատասխանատվություն է կրում Ունկնդրի կողմից դրանք խախտելու դեպքում։
9․ ԾԱՆՈՒՑՈՒՄՆԵՐ
9․1․ Պայմանագրով պահանջվող բոլոր ծանուցումները, հաղորդակցությունը, կատարվում է էլեկտրոնային եղանակով՝ նախապես տրամադրված էլեկտրոնային փոստի միջոցով, որը համարվում է պատշաճ ծանուցում։
9․2․ Ծանուցումը համարվում է ստացված՝ ստացող կողմի էլ․ փոստի հասցեին փաստացի մուտքագրվելու պահից։
9․3․ Դասընթացի վարման, ներկայացման, նյութերի, դասավանդման հետ կապված հաղորդագրությունները և ծանուցումները կարող են իրականացվել նաև Ընկերության ֆեյսբուքյան, ինստագրամյան էջերի, Տելեգրամյան օգտահաշվի կամ Տելեգրամյան բոտի/ խմբի միջոցով։
10․ ԱՆՀԱՂԹԱՀԱՐԵԼԻ ՈՒԺԻ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆԸ («ՖՈՐՍ-ՄԱԺՈՐ»)
10․1․ Պատվիրատուի և Կատարողի միջև Պայմանագրով սահմանված պարտավորություններն ամբողջությամբ կամ մասնակիորեն կատարելու համար կողմերն ազատվում են պատասխանատվությունից, եթե դա եղել է անհաղթահարելի ուժի ազդեցության արդյունք, որը ծագել է սույն պայմանագիրը կնքելուց հետո, և որը կողմերը չէին կարող կանխատեսել կամ կանխարգելել: Այդպիսի իրավիճակներ են՝ երկրաշարժը, ջրհեղեղը, պատերազմը, ռազմական և արտակարգ դրություն հայտարարելը, քաղաքական հուզումները, գործադուլները, հաղորդակցության /կապի/ միջոցների աշխատանքի դադարեցումը, պետական մարմինների ակտերը և այլն, որոնք անհնարին են դարձնում սույն պայմանագրով պարտավորությունների կատարումը:
10․2․ Եթե արտակարգ ուժի ազդեցությունը շարունակվում է 3 (երեք) ամսից ավելի, ապա կողմերից յուրաքանչյուրն իրավունք ունի լուծել պայմանագիրը` այդ մասին նախապես գրավոր տեղեկացնելով մյուս կողմին:
11․ ԿԱՊ
11․1․ Կատարողի հետ հնարավոր է կապ հաստատել, հաղորդակցվել, Ծառայությունների բոլոր մանրամասների վերաբերյալ տեղեկատվություն ստանալ հետևյալ կերպ․
Ընկերության ֆեյսբուքյան (Facebook) սոցիալական հարթակի միջոցով՝ https://www.facebook.com/sovorir.it ;
Ընկերության ինստագրամյան (Instagram) հարթակի միջոցով՝ https://www.instagram.com/sovorir.it,/ ;
Ընկերությանը պատկանող +37444240202 հեռախոսահամարով տելեգրամյան հարթակի միջոցով;
Ընկերության էլեկտրոնային փոստի հասցեների միջոցով՝ sovorir.it@gmail.com; info@sovorir.it;
11․2․ Օտար լեզուների ուսուցման Ծառայությունների մասով կապ հաստատելու համար․
Ընկերության ֆեյսբուքյան (Facebook) սոցիալական հարթակների միջոցով՝
https://www.facebook.com/sovorir.languages
Ընկերության ինստագրամյան (Instagram) հարթակների միջոցով՝
https://www.instagram.com/sovorir․languages/
11․3․ Ծառայությունների կազմակերպման կամ մատուցման առնչությամբ հարցեր և/կամ բողոքներ ունենալու դեպքում անհրաժեշտ է ներկայացնել հիմնավորված դիմում՝ ուղարկելով այն sovorir.it@gmail.com էլեկտրոնային փոստի հասցեին։ Վավեր են համարվում Պատվիրատուի կողմից թանաքային ստորագրությամբ հաստատված և լուսապատճենված (scan), կամ ՀՀ օրենսդրությամբ սահմանված էլեկտրոնային թվային ստորագրությամբ (eID/mID) հաստատված դիմումները։ Վավեր դիմումները Կատարողի կողմից քննարկվում են 20 (քսան) աշխատանքային օրվա ընթացքում։
12․ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԴՐՈՒՅԹՆԵՐ
12․1․ Սույն Պայմանների կապակցությամբ ծագած վեճերը ենթակա են լուծման բանակցությունների միջոցով՝ երկամսյա ժամկետում։ Նշված ժամանակահատվածում համաձայնություն ձեռք չբերելու դեպքում, վեճերը ենթակա են լուծման ՀՀ օրենսդրությամբ սահմանված դատական կարգով։
12․2․ Կատարողը պատասխանատվություն է կրում Ծառայությունների մատուցման ժամկետների համար և պարտավորվում է կատարել առավելագույնն իր կողմից նշված ժամկետների մեջ կամ դրանից շուտ Ծառայությունները պատշաճ մատուցելու համար:
12․3․ Հասցեների և/կամ բանկային վավերապայմանների փոխոխության դեպքում, Կողմերից յուրաքանչյուրը պարտավոր է այդ մասին գրավոր ծանուցել մյուս կողմին համապատասխան փոփոխությունների կատարման օրվանից ոչ ուշ, քան 10 (տասը) օրացուցային օրվա ընթացքում:
12․4․ Պատվիրատուն հավաստում է, որ ամբողջությամբ կարդացել, հասկացել և անվերապահորեն ընդունել է սույն Պայմանները և համաձայնել է դրանց։
12․5․ Սույն Պայմանների որևէ դրույթ անվավեր ճանաչվելու դեպքում մնացած Պայմանները շարունակելու են լիարժեք գործել։
12․6․ Որևէ դասընթացի բովանդակությունից, նյութերից կամ գովազդից չի ենթադրվում, որ Կատարողը ստանձնում է որևէ պարտավորություն, որի արդյունքում պետք է բարելավվի Պատվիրատուի ֆինանսական վիճակը, եկամուտը, կարիերայի աճը։
12․7․ Կատարողը Ծառայությունների կազմակերպման և մատուցման նպատակով օգտագործում է երրորդ անձանց պատկանող թվային սարքավորումներ, գործիքներ, հարթակներ և/կամ կայքէջեր։ Կատարողը որևէ պատասխանատվություն չի կրում այդպիսի հարթակներում առաջացած տեխնիկական խնդիրների համար։
12․8․ Կատարողի հեղինակությանը, գործարար համբավին, նյութական կամ այլ վնաս հասցնելու դեպքում, Պատվիրատուն պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով։
12․9․ Սույն Պայմանները կարող են փոփոխվել Կատարողի կողմից՝ Պայմանների փոփոխությունների վերաբերյալ էլ․ փոստի հասցեներին հաղորդագրություն ուղարկելու միջոցով՝ փոփոխությունների ուժի մեջ մտնելու օրվանից 10 (տասը) օրացույցային օր առաջ։ Պայմանների փոփոխությունների վերաբերյալ Կատարողը կարող է տեղեկացնել նաև իր սոցիալական հարթակների միջոցով՝ կայքի փոփոխությունների համապատասխան հղումն ուղարկելով։ Սույն Պայմանների ընդունումն իրականացվում է ամբողջությամբ և անվերապահորեն։

